Ինչո՞ւ հենց ընկեր Ալենը

Ալենը մի զարմանահրաշ երիտասարդ էր, ով քո տարիքում արդեն հասկացել էր, թե որքան կարևոր է գրքեր կարդալը։

Նա ստեղծում էր սեփական գրադարանն ու իր ընկերներին վարակում ընթերցանության նկատմամբ սիրով։ Մեծ ընթերցասեր լինելը նրան օգնում էր միշտ տարբերվել շրջապատում ու հասնել հաջողությունների բոլոր ասպարեզներում։ 

Պատկերացնո՞ւմ ես, Ալենն այնքան ընդունակ էր եւ խելացի, որ բակալավրիատը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո ընդունվեց Բոստոնի համալսարան՝ լավագույններից մեկն աշխարհում։

Alen

Բայց սովորելուց և ճամփորդելուց առավել նա սիրում էր մեր երկիրը, դրա համար էլ որոշեց Բոստոն մեկնելու փոխարեն մնալ Հայաստանում և ծառայել հայոց բանակում։

Դու դեռ փոքր ես, բայց երևի գիտես, որ մեր երկրում եղան դժվար ժամանակներ։ Ալենը և իր զինվոր ընկերները պաշտպանեցին բոլորիս ու իրենց կյանքը նվիրեցին մեր խաղաղությանը։

Ալենը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց շարունակում է լինել բոլորիս ընկերն ու վարակել մեզ գրքի նկատմամբ սիրով։ Վստահ ենք, նրա հետ ընկերությունը կօգնի քեզ բացահայտել ընթերցանության զարմանահրաշ աշխարհը։

Alen
Alen tails

Ալեն Մարգարյանը (ծնված՝ 1999 թ. փետրվարի 11-ին) շատ ակտիվ եւ հետաքրքրասեր տղա էր, չէր բավարարվում միայն դպրոցական առօրյայով: Հաճախում էր մի շարք խմբակների` պարի, լողի, թատերական, և այլն։

Նաև ուներ իր կարծիքը տարբեր հարցերի վերաբերյալ և մշտապես մասնակցում էր «Բանավեճի ակումբի» քննարկումներին: Հենց դպրոցական տարիներին է նա գրել հայտնի հեքիաթները, որոնք այսօր հայտնի են «Բոլորիս Ալենի հեքիաթները» անունով:

Ալենը դպրոցում գերազանց էր սովորում. հուսով ենք, որ նրա օրինակին կհետևես նաև դու։ 

«Բոլորիս Ալենը» գիրքը, որը շուտով կկարդաս, քեզ կպատմի թե ինչքան ընկերասեր,  աշխատասեր, գրքասեր և մարդասեր էր Ալենը։ Եվ հուսով ենք, որ դու էլ կյանքում կառաջնորդվես այդ արժեքներով։ 

«ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջին սաներից է եղել Ալենը եւ այդտեղ էլ հետագայում աշխատել է որպես ֆիլմերի ստեղծման դասընթացավար՝ կրթելով բազում երեխաների Երևանում, Գյումրիում և Դիլիջանում։  Շատ էր սիրում ֆիլմեր դիտել եւ վերլուծել. 16 տարեկանից ընդգրկվել էր «Ռոլան»  մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի կազմում։

Չորս փաստագրական ֆիլմի ռեժիսոր է եղել, որոնցով հայկական մշակույթը ներկայացրել է աշխարհին։ Ընտրելով կինոարվեստի ակադեմիական ուղին՝ 2016 թ. ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժին։ Համալսարանում նույնպես ակտիվ է եղել, նախաձեռնել ուսանողական միջոցառումներ։

Շատ է զբաղվել կամավորական աշխատանքով, որի ընթացքում Հռոմի պապի՝ Հայաստան այցի ժամանակ օգնել է հյուրերին թարգմանչական հարցերում, անգամ ներկա է եղել Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպմանը:

Բակալավրիատը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո ընդունվեց Բոստոնի համալսարան՝ լավագույններից մեկը աշխարհում։

Բանակում նույնպես Ալենն ուներ շատ ընկերներ եւ կիսվում էր իր գիտելիքներով նրանց հետ։

Ալենն իր անձնվեր ծառայության համար 2021 թ. հունիսի 29-ին Արցախի նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը և պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով, «Մարտական ծառայություն» մեդալով:

Աշխարհի տարբեր ծայրերից Ալեն Մարգարյանին այցի են գալիս Եռաբլուր զինորական պանթեոն։

Ալենի հիշատակը վառ պահելու ու նրա՝ կրթության ոլորտում ավանդը շարունակելու համար արդեն 4 տարի գործում է «Ալեն Մարգարյան» բարեգործական կազմակերպությունը, որը կյանքի է կոչում կրթության և մշակույթի ոլորտում կարևոր ծրագրեր, և որի շնորհիվ է նաև,  որ դու հնարավորություն ունես մասնակցել այս մրցույթին։

arrow icon

Վերադառնալ մրցույթի էջ

Alen